Showing posts with label Fujeirah. Show all posts
Showing posts with label Fujeirah. Show all posts

September 3, 2015

Միացյալ Արաբական Էմիրություններ


Մարդկանց մեծամասնության համար Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հայացքից ընդամենը մեկ արտացոլանք ունի - Դուբայ՝ քաղաք, որտեղ համախմբվել են ճարտարապետական ու դիզայներական երեւակայական լուծումներով կառուցված երկնաքերները, պալմայաձեւ կղզիները, քաղաքների մեծության առեւտրի կենտրոնները, շինությունների ներսում կառուցված ձնասահքի հրապարակներն ու շքեղ լողափերը:
Ավելի խորն ուսումնասիրելիս մեր առջեւ բացվում են եւս 6 էմիրաթներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն բնավորությամբ եւ գրավչությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ Դուբայն ամենաճանաչվածն է զբոսաշրջիկների շրջանում, Էմիրաթների մայրաքաղաքն այնուամենայնիվ Աբու Դաբին է՝ մշակույթի, սպորտի եւ զվարճանքների խառնարանը: Սրա սահմաններից այն կողմ ձգվում է Ալ Ղարբիա անապատը, որի խորհրդավոր լռությունը երբեմն ընդհատվում է փլվող ավազաթմբերի սուլոցով: Դուբայից հյուսիս գտնվում է Շարժան, որտեղ կենտրոնացված են Էմիրաթների լավագույն թանգարանները: Լողալու եւ ջրային սպորտաձեւերով զբաղվելու համար մեզ իդեալական տեղադրվածություն եւ պայմաններ է առաջարկում Ֆուջեիրան՝ ողողված Օմանի ծովածոցի վճիտ ջրերով: Աջմանն ու Ում Ալ Քայվան հիշեցնում են դեռեւս նախանավթային օրերը, իսկ Ռաս Էլ Խայման ակտիվորեն զարգացնում է ինֆրաստրուկտուրան եւ հավակնում դառնալ գրավիչ տուրիստական քաղաք:

Եւ այսպես միացյալ Արաբական Էմիրությունները բաղկացած են 7 էմիրություններից, որոնք փռված են Արաբական թերակղզու հարավ-արեւելյան անկյունում եւ զբաղեցնում են 83600 քկմ տարածք:

Աբու Դաբի
Դուբայ
Շարժա
Աջման
Ում Ալ Քայվան
Ռաս Էլ Խայմա
Ֆուջեյրա


Աբու Դաբի


Աբու Դաբին ամենախոշոր էմիրությունն է, որը ղեկավարում է ալ Նահյան ընտանիքը: Այն զբաղեցնում է 67,340 քկմ, կամ երկրի ընդհանուր տարածքի 86.7% -ը: Միացյալ Արաբական Էմիրությունները հիմնականում մի մեծ ամայի տարածք է՝ մոտ երկու տասնյակ կղզիներով, այդ թվում նաեւ այն կղզին, որտեղ Աբու Դաբին է գտնվում, գումարած եւս վեց խոշոր կղզիներ, որոնք ձգվում են դեպի Պարսից ծոց: էմիրատների բնակչությունը հիմնականում կենտրոնացված է երեք տարածքներում՝ մայրաքաղաք Աբու Դաբիում, Ալ Էինում, որն իրենից ներկայացնում է Օազիս քաղաք Հաջար Լեռների մոտակայքում եւ Լիվայի գյուղերում:
Ափամերձ քաղաքների բնակչության ապրուստի միջոցը ձկնորսությունն է կամ մարգարտագործությունը, մինչդեռ նրանք, ովքեր ապրում են երկրի խորքերում զբաղվում են հողագործությամբ եւ ուղտերի բուծմամբ:  Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը զարգացրել է Աբու Դաբին՝ անշուք անապատից վերածելով ազդեցիկ եւ լիովին արդիականացված պետության: 2004 թվականին՝ Շեյխ Զայեդի  մահվանից հետո  Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը դարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը եւ Աբու Դաբիի ղեկավարը:

Դուբայ


Դուբայը մեծությամբ երկրորդն է յոթ Էմիրություններից եւ ղեկավարվում է Ալ-Մաքթում ընտանիքի կողմից: Այն զբաղեցնում է մոտավորապես 3,900 կիլոմետր, որը ներառում է նաեւ Հաջար լեռներին կից մի փոքր խորշ Հատտա անունով: Դուբայի երկայնքով հոսում է Դուբայ Քրիքը` բնական նավահանգստով, որն էլ հենց հիմք է հանդիսացել Դուբայի առեւտրային արդյունաբերության զարգացմանը: Դուբայի բնակչության հիմնական եկամտի աղբյուրը մարգարտագործությունն ու ձկնորսությունը են: Իր ղեկավարների խելացի եւ արդյունավետ գործողությունների արդյունքում Դուբայն աստիճանաբար վերածվել է առեւտրի եւ արդյունաբերության առաջատար կենտրոնի ձեռք բերելով ամենամեծ առեւտրային նավահանգիստն ամբողջ հարավային ծոցում: Դուբայի ներկայիս ղեկավարը Նորին Մեծություն շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումն է:

Աջման


Աջմանն ամենափոքր էմիրությունն է եւ զբաղեցնում է 260 քկմ տարածք: Այն ղեկավարվում է Ալ Նուամի ընտանիքի կողմից: Տեղակայված լինելով Շարժայի հարեւանությամբ՝ այն եւս ունի 2 փոքրիկ ծովախորշ՝ Մանամա եւ Մուսֆութ անուններով: Ձկնագործությունն ու այգեգործությունը գոյության հիմնական միջոցներն են: Աջմանը մեծապես շահել է Էմիրությունների միավորումից, փաստ, որն արտացոլվում է նորակառույց հոյակերտ շենքերի եւ աճող ենթակառուցվածքների վրա: 1981 թվականից այս կողմ Աջմանը ղեկավարում է Շեյխ Հումեիդ Բին Ալ Ռաշիդ Նուամին:

Ում Ալ Քայվան



Ում Ալ Քայվան ղեկավարվում է Ալ Մուալա ընտանիքի կողմից եւ ունի 70 քկմ տարածք: Այն ունի ամենաքիչ բնակչությունը եւ տեղակայված է Շարժայի եւ Աջմանի մեջտեղում: Հիմնական գոյատեւման միջոցը ձկնորսությունն ու հողագործությունն է: 1971 թվականին Ում Ալ Քայվանը վերածվեց ժամանակակից Էմիրության եւ շարունակում է իր զարգացումը ներկայիս՝Շեյխ Ռաշիդ Բին Ահմեդ Ալ Մուալայի օրոք:

Ռաս Էլ Խայմա


Ռաս Էլ Խայման ամենահյուսիասյին էմիրություննէ եւ ղեկավարվում է Ալ Քասիմի ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից: Զբաղեցնում է 1700 քկմ տարածք: Շնորհիվ Հաջար լեռներից հոսող ջրերի Ռաս Էլ Խայման ունի յուրօրինակ միկրոֆլորա, այդ իսկ պատճառով գյուղատնտեսությունը երկրի զարգացման կարեւորագույն հիմնաքարն է: Էմիրությունը նաեւ մեծ շահույթ է ստանում իր քարհանքերից եւ ձկներից: Ռաս Ալ Խայմա քաղաքը հարուստ պատմություն ունի: Այն հայտնի է իր զարգացած նավահանգստով եւ բացառիկ մարգարիտներով, որոնք հայտնի են որպես ամենասպիտակն ու ամենակլորը, որ երբեւէ հայտնաբերվել են որեւէ տեղ: Ռաս Էլ Խայմայի ներկայիս ղեկավարը Շեյխ Սաքր Բին Մուհամեդ Ալ Քասիմին է:

Ֆուջեյրա


Միակ Էմիրությունը, որը Արաբական ծովածոցի հետ ջրափնյա գիծ չունի, Ֆուջեյրան է, որը ղեկավարվում է Ալ Շարքի ընտանիքի կողմից: Տեղակայված լնելով Օմանի ծովածոցի երկարությամբ, Ֆուջեյրան զբաղեցնում է  1300 քկմ տարածք: Ի տարբերություն մյուս Էմիրությունների, որտեղ գերակշռում էին անապատները, այստեղ տարածքի զգալի մաս են կազմում նաեւ լեռներն ու հարթավայրերը: Ֆուջեյրայի տնտեսությունը հիմնված է ձկնորսության եւ գյուղատնտեսության վրա: Ինչպես Ռաս Էլ Խայման, այնպես էլ Ֆուջեյրան ողողվում է Հաջար լեռներից հոսող ջրերով՝ դառնալով կատարյալ՝ հողագործության համար: Ներկայիս ղեկավարը Շեյխ Համադ Բին Մոհամեդ Ալ Շարքին է: