November 3, 2015

Հորդանան: Տեսարժան վայրեր

1. ՊԵՏՐԱ

Քանի-որ հյուրանոցների թեման ինձ հոգեհարազատ չի, որովհետև իմ համար լավ 3* հյուրանոցը լրիվ բավարար է, անցնում եմ Հորդանանի տեսարժան վայրերի նկարագրությանը.
Օգտվելով առիթից, կուզեի ներեղություն խնդրեի իմ 1 տարվա տուրիստներից, քանի-որ Հորդանանը ամբողջովին չիմանալու պատճառով 1 չարտեր-թռիչքը կատարվեց միայն Աքաբա՝ Կարմիր ծով և տուրիստները այդտեղից գնացին էքսկուրսիաներ, այդ թվում Երուսաղեմ..))) Որպիսի պատկերացնեք դա ինչ է նշանակում, բացատրեմ..Առավոտյան 3-ին Աքաբայից շարժվեցին Երուսաղեմ, հասան ցերեկը 13,00-ին...5 ժամ նայելուց հետո՝ 18,00 վերադարձան, հասան գիշերը 4-ին...))) Չէի հաշվել սահմանի հերթը...Երբ նեղացած բողոքեցի գործընկեր -արաբներիս, սրանք անկեղծ զարմանքով ինձ պատասխանեցին.,, Ձեր ողջ կյանքի ընթացքում ընդամենը 1 անգամ եք գնում Ձեր Աստծո գերեզմանին ու մի հատ էլ նեղացած բողոքում եք, որ մի երկու ժամ հերթի եք սպասել...,, Դրանից հետո ես էլ երբեք չհամարձակվեցի բողոքել նրանց, բայց տուրիստների բոլոր բողոքները ստիպված ես էի ընդունում.. Արդեն 2-րդ տարին պլանավորեցի 5 օր Կարմիր ծով և 3 օր Մեռյալ ծով, սա հնարավոր ամենաճիշտ տարբերակն է.... 5 օրում հասցնում ես հարմարվել Հորդանանին, Ամանորը անցկացնել, Կարմիր ծովում սուզվել, Վադի Ռամ անապատում 1 օր անցկացնել.. 5-րդ օրը ճանապարհին Պետրայի այցելությամբ հասնում ես Մեռյալ ծով: Այնտեղ 3 օրվա մեջ ամեն օր կես օր հատկացնում ես Մեռյալ ծովում լողալու ու բուժումների, մնացած կես օրը ծախսում ես այցելելու Հիսուսի Մկրտման վայր, Մովսեսի գերեզման, Ամման գնումների կամ Ջերաշ ու Մադաբա...
Պետրան՝... Աշխարհի հրաշալիք նկարագրելը անշնորհակալ գործ է..) 7 տարի առաջ, երբ 1-ին անգամ Սիք կիրճից դուրս եկա ու դեմս բացվեց Պետրայի գանձատունը, մի քանի վայրկյան կորցրեցի խոսելու ընդունակությունս: Չթերագնահատելով ու բազմիցս հյուրերիս առաջ անկեղծ հպարտությամբ գովելով մեր Գառնի-Գեղարդը, Հորդանանից եկած հյուրերի ներկայությամբ մի տեսակ խեղճանում եմ..Նախ ասեմ, որ ողջ քաղաքը կառուցվել է պարաններով ժայռերից կապված շինարարների աշխատանքով: Կառույցների հզորությունը ավելի լավ պատկերացնելու համար, մարդկանց չափերը համեմատեք կառույցների հետ: Մի 3 տարի առաջ լրացավ կորած Եդովմական թագավորության՝ այդ քաղաքի հայտնաբերման 200-ամյակը: Քաղաքը հայտնաբերվել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուկհարդտոմի կողմից: Այն աշխարհի ամենաարտասովոր և խորհրդավոր վայրերից մեկն է: 1812թ-ին մահմեդական-առևտրականի տեսք ընդունելով` Յոհանը Հալեպից ուղևորվում է Եգիպտոս՝ հինավուրց քաղաքի որոնման համար: Խաբելով տեղի բեդուիններին, Յոհանը հայտնվում է Պետրա քաղաքում: Հին Պետրան լավ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է մի քանի օր, դրա համար էլ նոր Պետրա քաղաքում կառուցվել են մեծ քանակի հյուրանոցներ, այդ թվում Մարիոթ, Մովենպիկ և շատ ուրիշ բրենդնային հյուրանոցներ: Այդտեղ է նկարահանվել հռչակավոր ,,Ինդիանա Ջոնսը,, և այլ ֆիլմեր.. Գտնվելով ծովի մակարդակից 900մ և Սիք կիրճով շրջապատող տեղանքից 660մ բարձրության վրա՝ կարմրավարդագույն «քարե» քաղաքն ընտրվել է որպես «նոր աշխարհի 7 հրաշալիքից» մեկը: Այն հաճախ անվանում են հին աշխարհի 8-րդ հրաշալիք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն գրանցել է համաշխարհային ժառանգության ցուցակում: Ավտոբուսների կանգառից մինչև Պետրայի 1-ին կառույցը մոտ 2 կմ է, որը կարող ես անցնել կառքով, ձիով, էշով ու ոտքով...Շատ գեղեցիկ է նաև Պետրայի այցելությունը գիշերով.. Մեծ մոմերի նմանվող ջահերի լույսի տակ փափուկ բարձերին թիկնած լսում ու դիտում ես ազգային երաժշտությունն ու պարերը...

2. ՎԱԴԻ ՌԱՄ


Հորդանանի նշանավոր տեսարժան վայրերից է անգերազանցելի կարմիր գեղեցկուհի Վադի Ռամ անապատը, որը Կարմիր ծովի Աքաբա քաղաքից հեռու է մոտ 60 կմ: Ի տարբերություն մնացած անապատների, Վադի Ռամը առանձնանում է իր անկրկնելի գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ: Իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն դասակարգել է Համաշխարհային Ժառանգության շարքում: Տուրիստների, հատկապես ռոմանտիկայի սիրահարների, երիտասարդ զույգերի համար Վագի Ռամ այցելելը պարտադիր է՝ հատկապես մայրամուտի դիմավորումը...Կարմիր ժայռերը, կարմիր ավազն ու կարմիր արևամուտը քեզ կորցնում են կարմիր շողերի մեջ.. Տուրի մեջ մտնում է տեղափոխությունը, ջիպերով շրջագայությունը ողջ անապատով, այցելությունը և գնումները բիդուինների վրաններում, մայրամուտի դիմավորումը և երեկոյան ճոխ ընթրիքը շոու ծրագրերի ուղեկցությամբ: Անապատի որոշ ժայռապատկերներ 4000 տարվա պատմություն ունեն, իսկ ըստ 20-րդ դարի սկզբի անգլիացի հռչակավոր հետախույզ Լոոուրենս Արաբացու, այստեղի 1700 մետրի հասնող լեռների ու ժայռերի վրա աշխատել են միայն քամին ու եղանակը..Ի դեպ, սա այն նույն Լոուրենս Արաբացին է, որի հարցազրույցը հայերի բացառիկ լինելու վերաբերյալ վերջերս շատ է շոշափվում..Գիշերային գեղեցկության պատճառով Վադի Ռամը անվանում են նաև Լուսնի Հովիտ..
Ես վաղուց ուզում էի լինել այդտեղ, բայց մի տեսակ չէր ստացվում, ու հանկարծ 3 տարի առաջ որոշեցի ընտանիքով Ամանորյա գիշերը անցկացնել Վադի Ռամում..Չգիտես ինչի, ինձ թվացել էր, որ անապատում միշտ տաք է լինում...Որպիսի մեզ մենակ չթողեն, ստիպված մեզ միացավ սևանցի ընկերոջս ընտանիքը.. Դրանից հետո առանց իմ առարկությունները հաշվի առնելու մեզ միացան ճանաչված մտավորական ևս մի քանի երիտասարդ ընտանիքներ.. Նրանք հանդիսավոր բանավոր խոստացան անկախ ամեն ինչից հետագայում չբողոքել...)))
Աքաբայի օդակայանից միանգամից գնացինք Վադի Ռամ, բայց արդեն ցերեկը ցուրտ էր..))Մոտ 7 ընտանիք էինք, միջին հաշվով ամեն ընտանիք վերցրել էր 5-6 շիշ ալկոհոլ: Առավոտյան երկար փնտրելուց հետո մի ընտանիքի մոտ հայտնաբերվեց ընդամենը 1 շիշ..)) Շատ համով տոնական սեղան էր պատրաստված, հատկապես ավազով ծածկված թոնրում 8 ժամ արված գառի խորովածը: Ամանորը հրաշալի անցավ: Թաթայի ,,Անապատի արևը,, թնդում էր անապատում, ճամբարը լիքն էին եվրոպացիներով ու արաբներով: Տեղի բեդուինները 1 անգամ տեսնում էին ,,ավելի բեդուին ազգի,,...)) Բայց գիշերը սառնամանիքը ահավոր էր, չնայած գտնվում էինք իբր լյուքս համարներում՝ կավապատ պատերով վրաններում, իրենց սան-հանգույցով ու բաղնիքով..Էդքան խմելուց հետո հագել ենք ով ինչքան շոր ուներ, կոշիկներն էլ չէինք հանել, վերցրել էինք յուրաքանչյուրս 6-7 հաստ վերմակներ..))) Վադի Ռամում դրանից հետո բազմիցս եղել եմ ու միշտ կարոտով բաժանվել...

3. ԷՎԱՍՈՆ ՄԱ-ԻՆ


/ՏԱՔ ՋՐԵՐ/
Evason Main Hotel; Six Seanses SPA 5*DELUXE
2009 թ-ին բացված այս շքեղ հյուրանոցա-առողջարանային հսկա համալիրը գտնվում է Մեռյալ ծովի և ,,ՄԱ ԻՆ,, ընդերքային տաք հանքային ջրերի մոտ՝ համաշխարհային ամենագեղեցիկ օազիսներից մեկի տարածքում, ծովի մակարդակից 264 մ ցածր: 109 տաք և սառը աղբյուրները, 63աստիճան տաքությամբ կաթացող հանքային ջրով քարանձավներում բուժումը և հանգիստը տարածել են այս հանգստավայի հռչակը ողջ աշխարհում: Համալիրի մեջ ընդգրկված են 6 ինքնուրույն առողջարանային համալիրներ, որոնք ունեն տարբեր նշանակության բուժումներ: Այս համալիրի գործունեության փիլիսոփայությունը հիմնված է պատասխանատվության բարձր զգացումը բնության և հասարակության հանդեպ՝ ունեցած բնական պաշարները ճիշտ օգտագործելու համար: Դրա համար այստեղ միահյուսվել են շատ բարձր մակարդակի հյուրընկալությունը, ճարտարապետական տեղային ավանդույթների և բնական ռելեֆի օգտագործումը, որը երաշխավորում է հարմարավետ իդեալական հանգիստ: Սարերի վրա գտնվող համալիրից երևացող շքեղ համայնապատկերը, տարածքում գտնվող 3 ջրվեժները, այդ թվում նաև տաք հանքային ջրով, փակ և բաց լողավազանները, քարանձավում հանքային տաք ջրերով առողջարանային բուժումները, տարբեր տիպի բաղնիքները, երեխաների լողավազանը, նրանց համար նախատեսված հատուկ տարածքները՝ իրենց մասնագետներով, բարձրաճաշակ դիզայնով և տարբեր խոհանոցներ ունեցող ռեստորանները, բարերը, գիշերային ակումբը, սրճարանները, թենիսի կորտերը, ֆիտնես –ակումբները և մնացած այլ ծառայությունները համալիրը դարձնում են իդեալական հանգիստ անցկացնելու անփոխարինելի վայր:
Հանքային ջուրը ունի հակաալերգիկ հատկություն, քանի որ պարունակում է 580մգ/լ ծծումբ, 300մգ/լ կալցիում, 60մգ/լ մագնիում և 27 մգ/լ կալիում, որոնք ջրի տաք լինելու շնորհիվ արագ ներծծվում են մաշկի մեջ: Տաք աղբյուրների մեջ կա նաև 571 մգ/լ նատրիում պարունակող տաք ջրեր, որը դրական ազդեցություն է գործում մարմնի վրա և լավացնում է ինքնազգացողությունը:
Այստեղ իրականացվում է ռևմատիզմի, արթրիտի, գայմարիտի, աղեստամոքսային տրակտի, արյունատար անոթների համակարգի և այլ բուժումներ: Ցավոք, համեմատաբար թանկ գնի պատճառով այս հաճուքներից օգտվողների թիվը Հայաստանում քիչ է... բայց, որ անկեղծ լինեմ, ես էլ մինչև հիմա կարգին չեմ ներկայացրել այս հրաշք հանգստավայրը..

4. Ջերաշ


Հին անտիկ Ջերաշը քաղաքը գտնվում է Ամմանից 48 կմ հեռավորության վրա և տուրիստների այցերի թվով գրավում է 2-րդ տեղը Պետրայից հետո: Այս բնակավայրում մարդիկ ապրում են արդեն 6500 տարի: Մ.թ.ա. 63թ հռոմեական գեներալ Պոմպեյի գրավումից հետո բնակավայրը անցավ հռոմեացիների տիրապետության տակ և միացավ Դեկոպոլիսին: Հենց այդ ժամանակից էլ սկսվեց քաղաքի ,,ոսկե դարը,, , որի ընթացքում քաղաքը կոչվում էր Հերասա: Դարերի ընթացքում Ջերաշը ծածկված է եղել դեղին ավազով և միայն 70 տարի առաջ է այն հայտնաբերվել: Այսօր այն ներկայանում է որպես հռոմեական քաղաքակրթության հոյակապ հուշարձան, որի օրինակները կարելի է գտնել ողջ Մերձավոր Արևելքում: Այդ ոճին բնորոշ են լայն պողոտաները՝ հզոր կամարներով, բլուրների վրա կառուցված վեհաշուք տաճարները, հիասքանչ ամֆիթատրոնները, լայնարձակ քաղաքային հրապարակները, բաղնիքները, գեղեցիկ շատրվանները, ծավալուն քաղաքային պարիսպները՝ մեծածավալ աշտարակներով և դարպասներով..
Այդ գեղեցիկ քաղաքը պահպանում է արևելյան և արևմտյան մշակույթների նուրբ ներդաշնակությունը: Նրա ճարտարապետության, կրոնների և լեզվի մեջ միահյուսված է երկու հզոր մշակույթների՝ հունա-հռոմեական և արաբական արևելյան ավանդույթները: Հին Ջերաշի պարիսպներից սկսվում է նոր Ջերաշը: Հին քաղաքում են գտնվում 2-3-րդ դարերում կառուցված 244մ երկարություն և 52մ լայնություն ունեցող հիպոդրոմը: Անցկացվող ձիարշավների մրցումների ժամանակ այն տեղավորում էր 15 հազար մարդ: Այն ուներ 10 հզոր դարպասներ, իսկ համալիրի կողքին գտնվում է Ադրիանայի Կամարը, որը կոչվել է Ադրիանա կայսերի անունով 129թ այցելությունից հետո: 1-ին դարում կառուցված ձվաձև հրապարակի /80*90մմ/ կենտրոնում գտնվում է 2 զոհասեղան, արդեն 7-րդ դարում այնտեղ արդեն կառուցվեց շատրվան, որն այժմ ներկայացնում է իրենից բարձր սյուն, որտեղ տարին 2 անգամ անցկացվող Ջերաշի փառատոնների ժամանակ վառվում է կրակը: Քաղաքի հիմնական առանցք է հանդիսանում 800 մ երկարությամբ ձգվող Կարդո Մաքսիմուսի պողոտան: Բյուզանդական ժամանակաշրջանից մնացել են 18 տաճարներ, որոնց հատակը պատված է կերամիկական մոզաիկայով..Տուրիստների համար շատ հետաքրքիր է անցնում բարձրակարգ դերասանների մասնակցությամբ անցկացվող ամենօրյա գլադիատորների մարտերը, հռոմեական լեգիոնների մարտակառքերի մրցումները և այլն.. Ի դեպ կարելի է ներկայացումներից հետո գլադիատորների և լեգիոնների հետ նկարվել..



5. ՍՈՒՐԲ ՎԱՅՐԵՐ ՄԱԴԱԲԱ



Հորդանանը այն բացառիկ մուսուլմանական երկրներից է, որտեղ պետական ու հասարակական մակարդակով բացառիկ հարգանք է դրսևորվում մնացած կրոնների նկատմամբ: Ընդ որում այդ հարգանքը ոչ միայն մուսուլմանների կողմից է այլ կրոնների նկատմամբ, այլ նաև փոխադարձ այլ կրոն դավանողների կողմից: Քրիստոնեական սուրբ վայրեր համարվող տարածքների և կառույցների նկատմամբ արդեն երկար ժամանակ վարվող պետական հովանավորչական քաղաքականությունը հանգեցրել է դրանց պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը: Թագավորի կողմից Հորդանան գետի ափին քրիստոնեական տարբեր թևերին տրամադրվել է հողատարածքներ, որտեղ կառուցվել են տարբեր եկեղեցական համալիրներ: 2 տարի առաջ գետի ափի գեղատեսիլ բլրի վրա բացվեց նաև հայկական Ս. Կարապետ եկեղեցին: Սուրբ Երկրի վայրերի նկարագրություններում կան բազմաթիվ արձանագրություններ նաև Հորդանանի տարբեր վայրերի վերաբերյալ: Դրանց թվին են դասվում Նեբո լեռը, որտեղ ըստ ավանդության թաղված է Մովսեսը, Մադաբան՝ որտեղ 4-րդ դարում կառուցված տաճարի հատակին նկարագրված է նաև Երուսաղեմի քարտեզը, Բեթհենին՝ Հորդանան գետի ափին գտնված Հիսուսի կնքման վայրը և այլ նշանավոր վայրեր:
Ամմանից 5000 տարվա պատմություն ունեցող Թագավորական Պողոտայի կողքին գտնվող Մադաբա քաղաքի մասին Հին Կտակարանում նշվում է մի քանի անգամ: Այն գտնվում է Ամմանից մոտ 30կմ հեռավորության վրա: Մ.թ.ա 1 դարում այս բնակավայրը անցել է Նաբատացիների տիրապետության տակ, իսկ մ.թ. 106թ-ից այն անցնում է Հռոմին: 746թ քաղաքը երկրաշարժից ամբողջությամբ ավերվում է, և քրիստոնյաների կողմից սկսում է վերականգնվել 1880թ-ից:
Մադաբան աշխարհին հայտնի է որպես բյուզանդական հնագույն մշակույթի անկրկնելի մոզաիկայի կենտրոն: Այստեղ հայտնաբերված ամենահայտնի արվեստի գործը հանդիսանում է 6-րդ դարում բյուզանդական տաճարի ավերակների վրա վերակառուցված Սբ. Գևորգ եկեղեցու հատակին արված Սուրբ Երկրի կերամիկական մոզաիկ քարտեզը: Նրա սկզբնական չափերը եղել են 25մ*5մ, այժմ պահպանված է դրա մի մասը: Այնտեղ արտացոլված է Փյունիկյան Տիր քաղաքից մինչև Եգիպտոսի Նեղոս գետը ընկած տարածքը: Քարտեզի կենտրոնում դեռևս 6-րդ դարում արտացոլվել է Երուսաղեմի սխեմատիկ քարտեզը, որտեղ պարզ երևում է Հիսուսի գերեզմանի վրա կառուցված տաճարը, ինչպես նաև քաղաքի մուտքի դարպասները..Նույն ձևով այդ քարտեզով երևում է նաև Հորդանան գետի ափին գտնվող Հիսուսի մկրտման վայրը.. Այժմ Սբ. Գևորգ եկեղեցին գործում է և ունի կրոնական արվեստի հազվագյուտ թանգարան..Մադաբայում կան բազմաթիվ այլ հնագույն կառույցներ, այդ թվում Հովհաննես Մկրտչի Գլխի տաճարը: Վատիկան կողմից 1967թ պաշտոնապես ընդունվել է տաճարի նկուղում Հովհանես Մկրտչի գլխի գտնվելը: Այդտեղիվ ոչ հեռու գտնվում են Մարգարեների Եկեղեցին /578թ/, Հնագիտական այգում գտնվող Մարիամ Աստվածածինի տաճարը /6-րդ դար/: Ընդհանրապես Մադաբայի տարբեր տաճարներում և եկեղեցիներում բազմաթիվ են մոզաիկ գլուխգործոցները, որոնք պատկերված են գազանների, թռչունների, բույսերի, ձկների և այլ պատկերների տեսքով՝ պատերի, առաստաղների ու հատակների վրա... Հնագիտական այգու կողքին գործում է մոզաիկայի դպրոցը, որը միակն է Մերձավոր Արևելքում: Այնտեղ սովորեցնում են ստեղծագործել, պահպանել, վերականգնել ու զարգացնել մոզաիկայի լավագույն ավանդույթները: Դպրոցը գտնվում է տուրիզմի նախարարության հովանավորության տակ:
Հորդանանում արվում է ամեն ինչ, որպեսզի պահպանվի մոզաիկայի արվեստը, այդ թվում Թագուհին ֆինանսավորում է արհեստանոց-դպրոցում գնված հուշանվերների առաքումը տուրիստների թողած հասցեով: Եկեղեցու կողքին կա հրաշալի հնաոճ ռեստորան..


6.ՍՈՒՐԲ ՎԱՅՐԵՐ ՆԵԲՈ ԼԵՌ


Մադաբայից 7 կմ հեռավորության վրա է գտնվում է Հորդանանի նշանավոր սրբավայրերից Նեբո Լեռը, որտեղ գտնվում է Մովսես Մարգարեի գերեզմանը: Այստեղ հին ժամանակներից քրիստոնյաների կողմից կառուցված փոքր մատուռը ժամանակի հետ այժմ վերածվել է հզոր վանական համալիրի.. 2001թ Հռոմի Պապ Պավել 2-ի Հորդանան կատարած այցի ընթացքում Նեբո լեռան վրայի քարոզին մասնակցեցին 20000 հավատացյալ: Բացի Բետհանիից՝ Հիսուսի մկրտման վայրից ու Նեբո լեռից, Հորդանանում կա ևս 3 սրբավայր, որոնք Վատիկանի կողմից պաշտոնապես հայտարարվել են հավատացյալների համար սրբավայրեր: Ըստ ավանդության, Աստված Մովսեսին հենց այստեղից է ցույց տվել Ավետյաց Երկիրը.. Շուրջ տարի այստեղ հավատացյալների ու տուրիստների հոսքը չի դադարում: Այստեղ է գտնվում Մովսեսի հուշահամալիրը, որի մեջ ընդգրկված են 6-րդ դարում կառուցված հնագույն մոզաիկե հատակով տաճարը և իտալացի հշանավոր ճարտարապետ Ֆոնտոնի կողմից երկաթե ցանցակարը, որը խորհրդանշում է Աստծո մեծությունը, հզորությունը և Մովսեսի Գավազանը..Լեռան բարձրությունից երևում է Մեռյալ ծովը, Հորդանան գետը, Երուսաղեմը և Մոավիտյան հովիտները..Մովսեսի մահվան վայրի հիշատակման համար 4-րդ դարում կառուցված մատուռը 6-րդ դարում վերածվեց տաճարի, որը հետագա 2 դարերի ընթացքում լրացվեց ուրիշ կառույցներով: Այժմ այն հզոր վանական հզոր համալիր է..
1933թ Աբդուլահ 1-ի թույլատվությամբ սկսվել են պեղումնեը և համալիրի վերականգնումը: Մուտքից 50մ-ի վրա գտնվում է Մովսեսի աղբյուրը, դրա կողքին՝ Ալ-Մաշխադ ամրոցի ավերակները, որի հիմքերը դրվել էին դեռևս Երկաթե դարից..Դրա կողքին երևում են դեռևս բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված 2 եկեղեցիների ավերակները..
Նյութը տրամադրեց Ժենեւատուրի ղեկավար՝ Արա Մարությանը
Ժենեւատուրը հանդիսանում է դեպի Հորդանան չարտերային թռիչքի իրականացնող

No comments:

Post a Comment