August 29, 2015

Աբու Դաբի, Դուբայ, Շարժա



Հեռավորություններ՝
Դուբայ - Աբու Դաբի - 150 կմ - 1 ժամ 50 րոպե
Դուբայ - Շարժա - 40կմ - 40 րոպե
Աբու Դաբի - Շարժա - 185 կմ - 2 ժամ 30 րոպե

ԱԲՈՒ ԴԱԲԻ

1. Շեյխ Զաիդ Մզկիթ 

Բաց է ամեն օր, բացի ուրբաթ օրերից

Մեծությամբ աշխարհի 8-րդ մզկիթը համարվող Շեյխ Զաիդ Մզկիթի պաշտոնական բացումն արվել է 2007 թվականին: Օրվա մեջ 3 անգամ ունի անվճար տուր մզկիթում՝ առավոտյան 10-ին, 11-ին եվ երեկոյան 5-ին: Մզկիթ մտնելու համար պահանջվում է համապատասխան հագուստ, որոնք կանայք կարող են ձեռք բերել մզկիթին կից սրահից: Մզկիթն արտասովոր է ինչպես դրսից, այնպես էլ ներսից:



2. Մանարաթ Ալ Սադիյաթ 


Այս վայրը նախկինում եղել է կղզի, որ հետագայում վերածվել է 15400 քմ տարածություն զբաղեցնող այցելությունների կենտրոնի: Հեռավորությունն Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից ընդամենը 20կմ է: Ունի ռեստորան, թատրոն եւ 3 հիմնական պատկերասրահներ:

3. Յաս կղզու Ջրային Թագավորություն

Այս անկրկնելի ջրաշխարհն զբաղեցնում է 15 հեկտար տարածություն եւ ունի մոտ 45 ատրակցիոններ: Այստեղ ամեն ինչ ստեղծված է լեգենդի հիման վրա: Էմիրաթյան մի աղջիկ՝ Դանա անունով, փնտրում է լեգենդար մարգարիտը, որն իր ընտանիքին բարեկեցություն պիտի բերի: Այս մոտիվներով ջրաշխարհում կառուցվել են մի քանի ատրակցիոններ, ինչպես նաեւ գործում է մարգարիտ փնտրելու յուրահատուկ ատրակցիոնը՝ ցույց տալու համար, թե որքան նշանակալից է եղել մարգարտի դերը Էմիրաթների հարուստ պատմության մեջ:


4. Մեքենաների՝ Աբու Դաբիի ազգային թանգարան

Թանգարանը պատկանում է շեյխ Համադ Բին Համդան այ Նահյանին: Հավաքածուն ներառում է ավելի քան 200 մեքենա, որոնց թվում կարող եք հանդիպել տարատեսակ մեքենաներ՝ սկսած ամենահազվագյուտից մինչեւ ամենամեծը: Հեռավորությունն Աբու Դաբի քաղաքից մոտ 45 կմ է՝ ճանապարհի տեւողությունը մեքենայով՝ մոտ 1 ժամ: Թանգարանն ունի սպիտակ բուրգի տեսք եւ կարող է համարվել must see վայր բոլոր մեքենասերների համար:



5. Աբու Դաբիի Սահադաշտ

Զայիդ սպորտային քաղաքի սահադաշտը եւս հիանալի վայր է լիցքաթափվելու համար: Օլիմպիական չափերի հսկայածավալ սահադաշտը նախատեսված է ինչպես խմբակային ազատ սահքի, այնպես էլ գեղասահքի ներկայացումների համար:



6. Ֆեռարիի աշխարհ

Սա ամբողջապես Ֆեռարիի թեմատիկայով զվարճանքների կենտրոն է: Այն գտնվում է աշխարհի ամենամեծ փակ տարածությամբ զվարճանքների կենտրոնների ցանկում: Քաղաքի կենտրոնից այստեղ կարելի է հասնել 30 րոպեում: Այստեղ է գտնվում նաեւ Ֆեռարիի ամենամեծ խանութ ցուցասրահը:


7. Քորնիշ

Հիանալի վայր հանգստանալու համար: 8 կմ երկարությամբ այս յուրահատուկ զբոսավայրը ներառում է զանազան մանկական խաղահրապարակներ, ռեստորաններ, հետիոտնային անցումներ: Հեծանվային զբոսանքներն ամենատարածվածն են այս վայրը վայելելու համար: Այս վայրն ամսական հյուրընկալում է 50.000 այցելու:




Դուբայ

1. Չիլ Աութ կաֆե

-6 աստիճան ջերմաստիճանով այս յուրօրինակ սրճարանում ամառվա տապին կարող եք վայելել հիանալի տաք թեյ կամ սուրճ եւ զգալ ձմեռային թարմություն: Սրճարանում ամեն ինչ՝ սեղաններ, բազմոց, կահույք, պատրաստված է սառույցից եւ ծածկված փափուկ բնական մորթով: Ներքին գունավորումն ու միջավայրը վայրկենապես մոռացնել կտան դրսի խեղդող տապն ու անխնա այրող արեւը:


2. Ատլանտիս

Ջրային զվարճանքներից ամենատարածվածների թվում է Ատլանտիսը: Այստեղ դուք կարող եք լողալ դելֆինների հետ, զմայլվել ծովային հսկա ակվարիումներով եւ վայելել ձեր ժամանցը այլ ծովային կենդանիների ընկերակցությամբ: Այն գտնվում է անմիջապես ծովի ափին, զբաղեցնում է 17 հա տարածք եւ ունի 2 կմ երկարություն: Հատկապես տպավորիչ է կենդանի շնաձկներով ակվարիումը:

Մուտքի տոմսն արժե 290 դիրհամ: Գրեթե միշտ ամառային սեզոնի ժամանակ այստեղ լինում են զգալի զեղչեր:





3. Վայլդ Վադի

Ամենատարածված ակվապարկը Դուբայում, որն ունի մոտ 30 եւ ավելի տարատեսակ ջրային ատրակցիոններ, ավազաններ, ժամանցի վայրեր: Գտնվում է Ջումեյրա լողափում, Դուբայի հայտնի հյուրանոցների եւ այլ առեւտրային կենտրոնների հարեւանությամբ, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ վայելել ժամանցը քաղաքում եւ կտրվել ամռան տապից:

4. Դուբայի Շատրվաններ եւ Բուրջ Խալիֆա



Դուբայ այցելող ոչ մի զբոսաշրջիկ բաց չի թողնում պարող շատրվաններով հիանալու առիթը: Շատրվանների շոուն ամբողջովին անվճար է: Այն գտնվում է Խալիֆա գետի վրա եւ ունի մոտ 300մ երկարություն: Շատրվանի թռիչքի բարձրությունը հասնում է մինչեւ 150 մետրի: Նախագծի հեղինակները Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոցային համալիրի հայտնի շատրվանների նախագծողներն են: Այն անկրկնելի է օրվա բոլոր ժամերին եւ յուրօրինակ հատկապես երեկոյան:

Շատրվանների անմիջապես կողքինէ գտնվում Բուրջ Խալիֆան՝ աշխարհի ամենաբարձրահարկ կառույցը: Այն բաղկացած է 163 հարկից, իսկ 124-րդ հարկից կարող եք հիանալ Դուբայի գեղեցկությամբ, ինչպես նաեւ վայելել շատրվանների խենթ պարը:

5. Սկի Դուբայ


Այս յուրօրինակ ժամանցի վայրը տեղակայված է Էմիրաթ Մոլում: Այո, այո... այն ինչ տեսնում եք տեղակայված է փակ տարածության մեջ: 3000 քառակուսի մետր տարածությունը ծածկված է ձյունով եւ իր տեսակի մեջ միակն է ողջ միջին արեւելքում:
Այստեղ կարող եք սահել, ձնմարդ պատրաստել, ձնագնդի խաղալ, իսկ տպավորություններն առավել իրականին մոտեցնելու համար, պարբերաբար կզգաք ձնային փլուզումներ, որոնք ավելի զվարճալի եւ ուրախ են դարձնում ժամանցը:

6. Դուբայ Դելֆինարիում

Ամսական 30.000 այցելու սպասարկող դելֆինարիումում կարող եք վայելել այս ինտելեկտուալ կենդանիների երգը, պարը, շոուները, շփվել նրանց հետ անհատական լողի դասընթացների ժամանակ, ինչպես նաեւ վայելել մոտ 20 էկզոտիկ թռչունների եւ թութակների մասնակցությամբ շուուները եւ փորձել ուժերը հայելային լաբիրինթոսում: Լաբիրինթոսն զբաղեցնում է մոտ 1000քմ տարածք: Այստեղ մտնելուց անմիջապես հետո կորչում է ժամանակի եւ տարածության զգացողությունը, քանի որ ամեն ինչ հայելային է ու խաբուսիկ, եւ այնտեղից դուրս գալու համար միակ ապավենը մնում է ինտուիցիան:


7. Միրիքլ Գարդն Դուբայ

Այս հրաշք այգին բացվել է 2013 թվականին: Զբաղեցնում է մոտ 8000 քմ տարածք, ունի 45 մլն ծաղիկ, այգում ծաղիկների գույների քանակը՝ 60 է, իսկ մուտքի տոմսն արժե 30 դիրհամ, մինչեւ 3 տարեկանների մուտքն անվճար է::
Այն նախատեսվում է դարձնել աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին, որը կունենա նաեւ 10.000 տեսակի կենդանի թիթեռնիկներով այգի, իսկ այցելուները կկարողանան համտեսել մրգեր եւ բանջարեղեններ այգու ծառերից:

Ամառվա ընթացքում այգին փակվում է սաստիկ շոգերի պատճառով:


Շարժա

1. Ալ Քասբա




Ալ Քասբան ամենամեծ ժամանցի կենտրոնն է Շարժայում: Այն ներառում է ռեստորաններ, զվարճանքի եւ բիզնես կենտրոններ, կրկես, ակվարիում եւ այլն: Ամենահայտնի երեւույթներն այստեղ կիլոմետրերով ձգվող արհեստական ջրատարն է եւ Էմիրատների Անիվը: Ջրատարի ամբողջ երկարությամբ ձգվում են 2 կողմերը միմյանց միացնող կամուրջներ, ինչպես նաեւ հնարավոր է շրջագայել նավակներով ջրատարի երկայնքով դեպի Խալիդ եւ Ալ Խան ծովածոցեր:

2. Ալ Մաջազ Վոթերֆրոնթ



Ընտանեկան զբոսանքի համար յուրահատուկ այս վայրը կառուցվել է 2012 թվականին: Հիմնական գրավչությունը երգող շատրվաններն են եւ դեպի ծովածոց բացվող շքեղ տեսարանը: Հեծանվորդներն այստեղ եւս կարող են վայելել ծովափով երթեւեկելու հաճույքը:

3. Շարժա ազգային պարկ

Ընտանեկան հանգստի եւ լիցքաթափվելու արտակարգ վայր: Այգում կա փոքրիկ կենդանաբանական այգի՝ էկզոտիկ թռչուններով եւ բազմաթիվ մանկական խաղահրապարակներ: Մուտքի վճարը 2 դիրհամ է:


No comments:

Post a Comment