September 8, 2015

Անկեղծ աշխատանքի հարցազրույց


1. -Ինչու՞ եք հենց մեր կազմակերպությունն ընտրել:
-Հո Դուք ցնդա՞ծ չեք, ես տասնյակ հասցեներով եմ դիմել, որտեղ ինձ առաջինը նկատեն ու շահավետ պայմաններ առաջարկեն, հենց դա էլ կլինի իմ ընտրությունը:


2. - Ի՞նչ եք կարծում, ինչու՞ հենց Ձեզ պիտի ընտրենք:
-Ձեզ աշխատակի՞ց է պետք, ահա եւ ես: Ինձ պետք է ընտրեք հենց միայն նրա համար, որ ես ավելի խելացի եմ, քան այն բոլոր դիմորդներն, ովքեր ստանդարտ հիմարություններ են դուրս տվել այս հարցերին պատասխանելիս: Նաեւ նրա համար, որ Ձեզանից էլ եմ խելացի, քանի որ նման ապուշ հարց ես երբեիք չէի տա:


3. -Որքա՞ն աշխատավարձ կցանկանայիք ստանալ:
-25 մլն դոլար մեկ տարվա համար, ինչպես ԱՄՆ Նախագահը!!! Այ քեզ հիմար հարց! Իհարկե ես ցանկանում եմ ստանալ այնքան շատ, որքան Դուք կարող եք վճարել, չնայած որ Դուք դա երբեք չեք անի: Այսինքն բանակցելն այս հարցում անիմաստ է, միեւնույնն է ընտրությունն իմն է՝ Դուք առաջարկում եք աշխատավարձը, ես ասում եմ՝ համաձայն եմ, թ՞ե ոչ:


4. -Ձեր նախորդ աշխատանքից ինչու եք հեռացել:
-Ենթադրենք ցանկանում եմ անկեղծ պատասխանել - քիչ էր աշխատավարձը, կամ առաջխաղացման հնարավորություն չկար, կամ տարաձայնություններ ունեի գործընկերների հետ, կամ ղեկավարի շանը դուր չէի գալիս... ու ի՞նչ.. Դուք ենթադրելու եք, որ ես ձեր շանն ու աշխատակիցների՞ն էլ դուր չեմ գա: Դա Դուք չեք իմանա մինչեւ չփորձեք!


5. -Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ 5 տարի անց մեր կազմակերպությունում:
-Ահա Ձեզ պատասխան՝ հարցի տեսքով՝ Ի՞նչ ծրագրեր ունի Ձեր կազմակերպությունը մոտակա 5 տարիների ընթացքում: Չգիտե՞ք: Դե եթե Դուք չգիտեք, թե ինչ կարգավիճակ կունենա Ձեր կազմակերպությունը 5 տարի անց, կամ ընդհանրապես գոյություն կունենա թե ոչ, ես որ՞տեղից իմանամ՝ թե ով կլինեմ այդ ժամանակ Ձեր կազմակերպությունում:


6. -Ինչպիսի ձեռքբերումներ ունեիք նախկին աշխատավայրում
-Փաստորեն ռեզյումեն բավարար չի՞: Լավ: Ես հիանալի աշխատել եմ եւ կատարելապես հաղթահարել բոլոր խոչընդոտները: Բայց հիմա ես Ձեզ կհիասթափեցնեմ... Ճիշտ ղեկավարվող աշխատանքում ձեռքբերումներ չեն կարող լինել: Աշխատել է պետք, այլ ոչ թե ապուշությունների հետեւից ընկնել:


7. -Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Ձեր ղեկավարին:
-Անկեղծ ասած ես կցանկանայի նրան չտեսնել: Ինձ համար միեւնույնն է, թե նա ինչպիսին է: Կարեւորն այն է, որ նա ՂԵԿԱՎԱՐ լինի. մարդ, որը կարողանում է ճիշտ համակարգել աշխատանքը, մնացածն ինձ չի հետաքրքրում, թեկուզ կարմիր անդրավարտիքով սպիտակ ծովախոզուկի վրա նստած անցնի գրասենյակով:


8. -Ինչպիսի՞ առավելություններ ունեք դուք:
-Կարողանում եմ տավիղ նվագեմ ու 15 մետր հեռու թքեմ: Եթե Ձեզ իմ մասնագիտական որակավորումն է պետք, այն գրված է ռեզյումեում: Եթե էլի ինչ որ բան է հետաքրքրում, հենց դրա մասին էլ հարցրեք, իսկ եթե Դուք ինքներդ էլ չգիտեք իչ եք ուզում ճշտել, այդ հարցում Ձեզ օգնել չեմ կարող:


9. -Որո՞նք են ձեր թերությունները:
-Արտակարգ տենոր ունեմ: Ճիշտ է, հարեւանները բողոքում են, բայց կոնսերվատորիայում ասացին տաղանդ ես! Ու մի բան էլ, երբ ապուր եմ ուտում, գդալը ոչ թե դեպի ինձ եմ քաշում, այլ հակառակը: :)


September 5, 2015

Ա՞ջ, թե ձա՞խ



«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարները կշրջագայեն տարբեր երկրներով, կփորձեն օգտվել տվյալ երկրի հաճույքներից՝ մեկն ունենալով անսահմանափակ հնարավորություն՝ ոսկե քարտի տեսքով, մյուսը՝ 100 դոլար՝ ապրելով ընդամենը 2 օր: Նախագծի հաղորդավարներն են դերասան Դավիթ Թադևոսյանն ու երգչուհի Սյուզին։



Հաղորդման հաղորդավարուհի Սյուզին հույս հայտնեց, որ արձագանքները դրական կլինեն, քանի որ հաղորդումը և՛ ճանաչողական է, և՛ ժամանցային։ «Բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել էկրաններին, արդեն երեքուկես տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի միջազգային բաժնում և սիրահարված եմ իմ աշխատանքին։ Հարյուրավոր նախագծեր են եղել, որոնց մասնակցել եմ կամ մերժել, սակայն երբ առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արկադի Շուշանյանից, հասկացա, որ իմ տեսակին համապատասխան է, որովհետև անգամ ոչ գիտակցական տարիքից ճամփորդել եմ։ Հուսամ՝ վերադարձս ճիշտ ժամանակին է և ճիշտ տեղում: Չէի պատկերացնում, որ որևէ նախագծով կոգևորվեմ,- ասաց Սյուզին և հավելեց, -ոգևորիչ է, երբ քո ղեկավարներն են իրենց հավանությունը տալիս»։



Դավիթը հայտնեց, որ «Շելբի» փրոդաքշնը հաղորդումն իրականացրել է իր առաջարկով։ «Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի։ Ժամանցային լավ հաղորդում է, որը կարող է նաև ուղեցույցային լինել, թե տվյալ երկիր գնալու դեպքում մարդն ինչից կարող է օգտվել, ինչից՝ ոչ, քանի որ լուսաբանում ենք բացառապես ամեն ինչ»,- նշեց Դավիթը։

Աշխատանքային թիմն արդեն եղել է մի շարք երկրներում։ Թե քանի օր կանցկացնեն տվյալ երկրում, կախված է աշխատանքի ծավալից։ Առաջին երկիրը, ուր այցելել են, Մոնտենեգրոն է։ «Առաջին անգամ էի Մոնտենեգրոյում։ Աննկարագրելի գեղեցիկ էր։ «Մոնտենեգրո» իտալերենից թարգմանաբար նշանակում է սև սար, քանի որ շուրջդ սարեր են, և երբ մթնում է, բոլոր սարերը սև են դառնում։ Ուղղակի հեքիաթային է։ Քաղաքները մեկը մյուսից շատ են տարբերվում. մեկն ընդգծված պատմական է, մյուսը՝ ընդգծված ժամանցային։ Կոտոր քաղաքում ոչ մի նոր շինություն չկա, եթե ինչ-որ բան վնասվում է, վերակառուցում են նույնությամբ»,- ոգևորությամբ նշեց Սյուզին։



Ըստ Դավթի՝ թեև ներկայանում է որպես հաղորդավար, այս ձևաչափում շատ կարևոր է դերասանական հմտություններ ունենալը, քանի որ հաղոդումը խաղարկային է։ Սյուզին նկատեց, որ հաղորդման հոգին ու շունչն այն է, որ սցենար չկա. «Դու մեկնաբանում ես յուրաքանչյուր գեղեցիկ և ոչ գեղեցիկ բան, որը տեսնում ես։ Դու չես խաղում, տեսախցիկը ֆիքսում է քո բոլոր էմոցիաները»։ Դավիթն էլ հավելեց, որ ամբողջ ընթացքը լի էր զվարճալի ու զավեշտալի պատմություններով, քանի որ հաղորդման ընթացքում ոչինչ կանխատեսելի չէ, ամեն բան հիմնված է իմպրովիզների վրա։ «Վերջերս Կիպրոսում շատ հետաքրքիր ջրային ատրակցիոն նստեցինք, որը չգիտեմ՝ ինչպես ենք եթեր տալու, քանի որ ես էլ, օպերատորն էլ շատ էինք վախեցել»,- հիշեց դերասանը։



Սյուզին նշեց, որ ցանկացած երկիր մեկնելուց առաջ ստեղծագործական խումբը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ բանակցելով տվյալ երկրի ազգային տուրիստական ինստիտուտի հետ, որտեղից ստանում են ժամանցային գոտիների, մշակութային վայրերի ցանկն ու նախապես քննարկում, թե ինչը պետք է լուսաբանել։ «Հաղորդման ֆորմատը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես կարող է անցկացնել իր հանգիստը սահմանափակ ֆինանսով մարդը և ինչեր կարող է իրեն թույլ տալ անսահմանափակ հնարավորություներ ունեցող մարդը»,- ասաց Սյուզին։

«Աջ, թե ձախ»-ը եթերում է լինելու սեպտեմբերի 18-ից։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Նյութի աղբյուր` blognews.am

September 3, 2015

Միացյալ Արաբական Էմիրություններ


Մարդկանց մեծամասնության համար Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հայացքից ընդամենը մեկ արտացոլանք ունի - Դուբայ՝ քաղաք, որտեղ համախմբվել են ճարտարապետական ու դիզայներական երեւակայական լուծումներով կառուցված երկնաքերները, պալմայաձեւ կղզիները, քաղաքների մեծության առեւտրի կենտրոնները, շինությունների ներսում կառուցված ձնասահքի հրապարակներն ու շքեղ լողափերը:
Ավելի խորն ուսումնասիրելիս մեր առջեւ բացվում են եւս 6 էմիրաթներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն բնավորությամբ եւ գրավչությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ Դուբայն ամենաճանաչվածն է զբոսաշրջիկների շրջանում, Էմիրաթների մայրաքաղաքն այնուամենայնիվ Աբու Դաբին է՝ մշակույթի, սպորտի եւ զվարճանքների խառնարանը: Սրա սահմաններից այն կողմ ձգվում է Ալ Ղարբիա անապատը, որի խորհրդավոր լռությունը երբեմն ընդհատվում է փլվող ավազաթմբերի սուլոցով: Դուբայից հյուսիս գտնվում է Շարժան, որտեղ կենտրոնացված են Էմիրաթների լավագույն թանգարանները: Լողալու եւ ջրային սպորտաձեւերով զբաղվելու համար մեզ իդեալական տեղադրվածություն եւ պայմաններ է առաջարկում Ֆուջեիրան՝ ողողված Օմանի ծովածոցի վճիտ ջրերով: Աջմանն ու Ում Ալ Քայվան հիշեցնում են դեռեւս նախանավթային օրերը, իսկ Ռաս Էլ Խայման ակտիվորեն զարգացնում է ինֆրաստրուկտուրան եւ հավակնում դառնալ գրավիչ տուրիստական քաղաք:

Եւ այսպես միացյալ Արաբական Էմիրությունները բաղկացած են 7 էմիրություններից, որոնք փռված են Արաբական թերակղզու հարավ-արեւելյան անկյունում եւ զբաղեցնում են 83600 քկմ տարածք:

Աբու Դաբի
Դուբայ
Շարժա
Աջման
Ում Ալ Քայվան
Ռաս Էլ Խայմա
Ֆուջեյրա


Աբու Դաբի


Աբու Դաբին ամենախոշոր էմիրությունն է, որը ղեկավարում է ալ Նահյան ընտանիքը: Այն զբաղեցնում է 67,340 քկմ, կամ երկրի ընդհանուր տարածքի 86.7% -ը: Միացյալ Արաբական Էմիրությունները հիմնականում մի մեծ ամայի տարածք է՝ մոտ երկու տասնյակ կղզիներով, այդ թվում նաեւ այն կղզին, որտեղ Աբու Դաբին է գտնվում, գումարած եւս վեց խոշոր կղզիներ, որոնք ձգվում են դեպի Պարսից ծոց: էմիրատների բնակչությունը հիմնականում կենտրոնացված է երեք տարածքներում՝ մայրաքաղաք Աբու Դաբիում, Ալ Էինում, որն իրենից ներկայացնում է Օազիս քաղաք Հաջար Լեռների մոտակայքում եւ Լիվայի գյուղերում:
Ափամերձ քաղաքների բնակչության ապրուստի միջոցը ձկնորսությունն է կամ մարգարտագործությունը, մինչդեռ նրանք, ովքեր ապրում են երկրի խորքերում զբաղվում են հողագործությամբ եւ ուղտերի բուծմամբ:  Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը զարգացրել է Աբու Դաբին՝ անշուք անապատից վերածելով ազդեցիկ եւ լիովին արդիականացված պետության: 2004 թվականին՝ Շեյխ Զայեդի  մահվանից հետո  Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը դարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը եւ Աբու Դաբիի ղեկավարը:

Դուբայ


Դուբայը մեծությամբ երկրորդն է յոթ Էմիրություններից եւ ղեկավարվում է Ալ-Մաքթում ընտանիքի կողմից: Այն զբաղեցնում է մոտավորապես 3,900 կիլոմետր, որը ներառում է նաեւ Հաջար լեռներին կից մի փոքր խորշ Հատտա անունով: Դուբայի երկայնքով հոսում է Դուբայ Քրիքը` բնական նավահանգստով, որն էլ հենց հիմք է հանդիսացել Դուբայի առեւտրային արդյունաբերության զարգացմանը: Դուբայի բնակչության հիմնական եկամտի աղբյուրը մարգարտագործությունն ու ձկնորսությունը են: Իր ղեկավարների խելացի եւ արդյունավետ գործողությունների արդյունքում Դուբայն աստիճանաբար վերածվել է առեւտրի եւ արդյունաբերության առաջատար կենտրոնի ձեռք բերելով ամենամեծ առեւտրային նավահանգիստն ամբողջ հարավային ծոցում: Դուբայի ներկայիս ղեկավարը Նորին Մեծություն շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումն է:

Աջման


Աջմանն ամենափոքր էմիրությունն է եւ զբաղեցնում է 260 քկմ տարածք: Այն ղեկավարվում է Ալ Նուամի ընտանիքի կողմից: Տեղակայված լինելով Շարժայի հարեւանությամբ՝ այն եւս ունի 2 փոքրիկ ծովախորշ՝ Մանամա եւ Մուսֆութ անուններով: Ձկնագործությունն ու այգեգործությունը գոյության հիմնական միջոցներն են: Աջմանը մեծապես շահել է Էմիրությունների միավորումից, փաստ, որն արտացոլվում է նորակառույց հոյակերտ շենքերի եւ աճող ենթակառուցվածքների վրա: 1981 թվականից այս կողմ Աջմանը ղեկավարում է Շեյխ Հումեիդ Բին Ալ Ռաշիդ Նուամին:

Ում Ալ Քայվան



Ում Ալ Քայվան ղեկավարվում է Ալ Մուալա ընտանիքի կողմից եւ ունի 70 քկմ տարածք: Այն ունի ամենաքիչ բնակչությունը եւ տեղակայված է Շարժայի եւ Աջմանի մեջտեղում: Հիմնական գոյատեւման միջոցը ձկնորսությունն ու հողագործությունն է: 1971 թվականին Ում Ալ Քայվանը վերածվեց ժամանակակից Էմիրության եւ շարունակում է իր զարգացումը ներկայիս՝Շեյխ Ռաշիդ Բին Ահմեդ Ալ Մուալայի օրոք:

Ռաս Էլ Խայմա


Ռաս Էլ Խայման ամենահյուսիասյին էմիրություննէ եւ ղեկավարվում է Ալ Քասիմի ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից: Զբաղեցնում է 1700 քկմ տարածք: Շնորհիվ Հաջար լեռներից հոսող ջրերի Ռաս Էլ Խայման ունի յուրօրինակ միկրոֆլորա, այդ իսկ պատճառով գյուղատնտեսությունը երկրի զարգացման կարեւորագույն հիմնաքարն է: Էմիրությունը նաեւ մեծ շահույթ է ստանում իր քարհանքերից եւ ձկներից: Ռաս Ալ Խայմա քաղաքը հարուստ պատմություն ունի: Այն հայտնի է իր զարգացած նավահանգստով եւ բացառիկ մարգարիտներով, որոնք հայտնի են որպես ամենասպիտակն ու ամենակլորը, որ երբեւէ հայտնաբերվել են որեւէ տեղ: Ռաս Էլ Խայմայի ներկայիս ղեկավարը Շեյխ Սաքր Բին Մուհամեդ Ալ Քասիմին է:

Ֆուջեյրա


Միակ Էմիրությունը, որը Արաբական ծովածոցի հետ ջրափնյա գիծ չունի, Ֆուջեյրան է, որը ղեկավարվում է Ալ Շարքի ընտանիքի կողմից: Տեղակայված լնելով Օմանի ծովածոցի երկարությամբ, Ֆուջեյրան զբաղեցնում է  1300 քկմ տարածք: Ի տարբերություն մյուս Էմիրությունների, որտեղ գերակշռում էին անապատները, այստեղ տարածքի զգալի մաս են կազմում նաեւ լեռներն ու հարթավայրերը: Ֆուջեյրայի տնտեսությունը հիմնված է ձկնորսության եւ գյուղատնտեսության վրա: Ինչպես Ռաս Էլ Խայման, այնպես էլ Ֆուջեյրան ողողվում է Հաջար լեռներից հոսող ջրերով՝ դառնալով կատարյալ՝ հողագործության համար: Ներկայիս ղեկավարը Շեյխ Համադ Բին Մոհամեդ Ալ Շարքին է: