Showing posts with label Jordan Charter Armenia. Show all posts
Showing posts with label Jordan Charter Armenia. Show all posts

October 28, 2015

Հորդանան

Ընդհանուր նկարագրություն

1. Ընդհանուր տեղեկություններ
2. Տուրիստական վայրեր
3. Տուրիստական ուղղություններ
4. Տուրիզմի զարգացման հեռանկարները

Ընդհանուր նկարագիր
Հորդանանը՝ «Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը,» Հայաստանից մեծ է մոտ 3 անգամ՝ 92 հազար քկմ: Բնակչությունը թիվը 6.5 մլն մարդ, մայրաքաղաքն է Ամմանը /բնակչությունը 2 մլն-ից ավել/: Բնակչության 95 % արաբներ են, 5% –ը հայեր, չերքեզներ, թուրքմեններ, քրդեր և այլն: Հորդանանի թագավորությունը սահմանադրական միապետություն է: Սահմանակից է Սաուդյան Արաբիային, Իրաքին, Սիրիային, Իսրայելին և Պաղեստինյան պետությանը: Ամենաբարձր կետը Ջեբել-Ռամն է՝ 1747մ, ամենացածրը Մեռյալ ծովի ափերը՝ ծովի մակարդակից 400մ ցածր: Հորդանանը (մինչև 1950 թ.՝ Անդրհորդանան) Առաջավոր Ասիայի երկրներից է: Նրա սահմանները գրեթե ցամաքային են` բացառությամբ հարավ-արևմուտքում ծովափնյա մի նեղ շերտի, որը ողողում են Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերը: Հորդանանի տարածքի նշանակալի մասն զբաղեցնում է ավազոտ կամ քարքարոտ անապատը: Կլիման մերձարևադարձային, չորային է, արևմտյան մասում՝ միջերկրածովյան: Բուսականությունն աղքատ է. գերակշռում են խոտաբույսերն ու գետնատարած մացառուտները: Երկրի հյուսիսում օձագալար հոսում է Հորդանան գետը (որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը Հովհաննես Մկրտչի ձեռամբ), որը թափվում է Մեռյալ ծովը: Անձրևների շրջանում անապատում գոյանում են գետակներ, որոնք օգտագործվում են ոռոգման համար: Իսկ այնտեղ, որտեղ ջուր կա, ստեղծվում են բնակավայրեր, ծաղկում, կանաչին են տալիս այգիներն ու դաշտերը: Բայց ամեն ջուր չէ, որ կենարար է: Այդպիսին է, օրինակ, Մեռյալ ծովը (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր ընկած լիճ), որի ջրերում աղի պարունակությունը 7,5 անգամ ավելի է, քան սովորաբար լինում է ծովերում: Առաջավոր Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրան է: Պատմական հուշարձաններով հարուստ է նաև Մեռյալ ծովի շրջանը, որտեղ 1947թ-ից սկսած` քարանձավներում հայտնաբերվել են Քումրանյան գալարաձեռագրերը, որոնք լույս են սփռում քրիստոնեության ծագման վրա: XVI դարից մինչև 1918 թ. Հորդանանի տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն հանձնվեց Անգլիային, որը 1921 թ-ին այնտեղ կազմավորեց Անդրհորդանանի էմիրությունը կամ իշխանապետությունը: Հորդանանի ժողովուրդը, որի 95 %-ը արաբներ են, քանիցս ապստամբել է հանուն ազատության ու անկախության: Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին, երկիրն անկախություն ստացավ: 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Հորդանանը գրավվեց: Պաղեստին պետության համար նախատեսված տարածքի մի մասը՝ Հորդանան գետից արևմուտք, 1967 թ-ին` արաբա-իսրայելական պատերազմից հետո, անցավ Իսրայելին: Երկրի բնակչության գրեթե կեսը պաղեստինցի արաբներ են: Խոշոր քաղաքներն են Ամմանը, Էզ Զարկան, Իրբիդը, Աքաբան: Հորդանանը գյուղատնտեսական երկիր է, սակայն նրա տարածքի միայն 16 %-ն է նպաստավոր գյուղատնտեսական աշխատանքների համար: Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, թուզ, ադամաթուզ, բանջարեղեն, օազիսներում, ջրարբի հողերում՝ նաև ձիթենի: Գյուղացիները (ֆելլահներ) ապրում են կավածեփ կամ քարե տներում: Հորդանանի արևելյան մասը հիշեցնում է մի անծայրածիր ավազե ծով: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել քոչվոր անասնապահների (բեդվիններ) թափառախմբերի, որոնք իրենց անասուններին կերակրելու համար օազիսից օազիս են տեղափոխվում: Արդյունաբերությունը Հորդանանում թույլ է զարգացած: Նրա հիմնական ճյուղերն են ֆոսֆատների արդյունահանությունն ու ցեմենտի արտադրությունը: Համեմատաբար զարգացած է սննդի արդյունաբերությունը. կան ալրաղացներ, ձիթապտղի յուղի և մրգեղենի ու բանջարեղենի պահածոների գործարաններ:
Կլիմա
Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Տուրիստներին հետաքրքրող հիմնական վայրերում՜ Կարմիր ծով, Մեռյալ ծով ամռանը ջերմաստիճանը 30-40°C և համեմատաբար զով է ձմռանը՝ 20-27 °C, երկու ծովերում էլ ջրի ջերմաստճիանը ամբողջ տարին +23 °C ցածր չի լինում։ Միաժամանակ երկրի կենտրոնական հատվածներում գիշերները զով եղանակ է:
Վիզա
Վիզան հայերը ստանում են տեղում ՝ 30 ԱՄՆ դոլ, բայց եթե ընդունողը տուրիստական կազմակերպություն է, իսկ տուրիստը գիշերում է 2 օրից ավել, վիզան անվճար է:
Դրամական միավորը
Հորդանանի 1 դինարը հավասար է 1.41ԱՄՆ դոլ, ընդ որում վերջին 10 տարուց ավել այս կուրսը հաստատուն է, որը նպաստում է տնտեսության և բիզնեսի կայուն զարգացմանը: Թեյավճարը ռեստորաններում կազմում է մոտ 10%, /հաշվի մեջ սպասարկման հավելավճար չի ներառվում/, հյուրանոցում՝ 0.5 դինար, վարորդին 1.5դինար, գիդին՝ 2 դոլար: Ամբողջ տարածքով ընդունվում են American express և Visa քարտը, Master քարտը ոչ բոլոր տեղ է ընդունվում:
Մաքսատուն
Հորդանան կարելի է առանց մաքսավճարի կարելի է ներմուծել 1 անձի հաշվարկով մինչև 2 լ ալկոհոլային խմիչք, 200 հատ սիգարետ և 25 սիգար: Արտարժույքային վալյուտայի քանակը չի սահմանապակվում:
Մեքենայի վարձակալում
Կախված մեքենայի կարգից որպես դեպոզիտ թողվում է 150-500 ԱՄՆ դոլ, 1 օրվա վարձակալության գումարը սկսվում է 40 ԱՄՆ դոլ-ից: Ճանապարհները շատ լավն են, նշանները` արաբերեն և անգլերեն, որոնք մանրամասն նկարագրում են Ձեր ուղղությունը:
Հայերը Հորդանանում
Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948-ին հայերի թիվը շուրջ 6 հազար էր, հիմա մոտ 3 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ագապա, Զարքա, Իրպիտ, Մատարա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, , որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին իսկ 2014թ-ից Հորդանան գետի ափին բացվել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին: Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ 1993-ից լույս է տեսնում «Անդրադարձ», «Սուրբ Թադեոս» ամսաթերթը։


Նյութը տրամադրեց Ժենեւատուրի ղեկավար՝ Արա Մարությանը
Ժենեւատուրը հանդիսանում է դեպի Հորդանան չարտերային թռիչքի իրականացնող